«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՂԸ Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է, Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՂԸ Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է, Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
19.03.2010 | 00:00

«Այսօրվա քաղաքական կոալիցիայով իրավիճակին լուծումներ չեն տրվի, քանի որ երեկ ՕԵԿ-ական չէին, այսօր ՕԵԿ-ական են ու նախարար, երեկ կոշկակար էին, այսօր ՀՀԿ-ական ու նախարար։ Թիմը պետք է հենված լինի մասնագետների վրա` առանց կուսակցական պատկանելության»,- անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին ու դրա հաղթահարման ելքերին` երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ընդգծելով, որ անհրաժեշտ է երիտասարդներից կազմված թիմ, որտեղ ներգրավված կարող են լինել նաև «հին մասնագետներ»։
ՆԺԿ ղեկավարը կարծում է, որ այսօր Հայաստանում թելադրողը ո՛չ ընդդիմությունն է, ո՛չ իշխանությունը, այլ իրավիճակը։ «Այսօր բնականոն են համարվում ՀՀԿ-ԲՀԿ կռիվը, ՕԵԿ-ական նախարարների փոփոխությունը, նախարարություններում ստեղծված վիճակը (հիշում եք` խորհրդային տարիներին ասում էին` «ընենց են գնում դեպի կոմունիզմ, մալը հետևներից չի հասնի»)։ Ոչ մի ներդրում չենք տեսնում, բացի արտաքին պարտքից։ Մադրիդյան նոր սկզբունքներն աշխարհում բոլորը գիտեն, բայց Հայաստանում գաղտնի են պահվում` «все знают, что Брежнев почти умер, но никто не хочет в этом признаться» տարբերակով։ Սերժ Սարգսյանի և կոալիցիայի գաղափարախոսությունը հետևյալն է` ամեն ինչ բնականոն է, և Հայաստանն առանց ցնցումների տանելու ենք առաջ։ Լավ ասացվածք կա` «դիակը մեռնելուց առաջ քրտնեց, ու դա էլ նրան փրկեց»,- առկա իրադրությունն այսպես բնութագրեց ակումբի հյուրը` վստահեցնելով, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների համար բոլոր նախադրյալները կան։- Կգնա՞ իշխանությունն այս քայլին, թե՞ ոչ, չգիտեմ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ իրեն փրկելու համար այս իշխանությունը չի ուզում քայլեր ձեռնարկել։ Գիշերը կերևա, չգիտեմ»։
Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների և հատկապես ֆուտբոլային դիվանագիտության առնչությամբ բանախոսը հետևյալ դիտարկումն արեց. «Այս խաղում հաշիվ չկա, քանի որ, երբ գնդակին բոլոր կողմերից խփում են, հաշիվ չեն հարցնում։ Գեոքաղաքական կոնֆլիկտների նման փորձը ցույց է տալիս, որ լուծումները կա՛մ ռազմական ճանապարհով են լինում, կա՛մ քաղաքական ճնշումներով»։
Արամ Կարապետյանը կարծում է, որ այս գործընթացներից մենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ «թշնամացած» ենք դուրս գալու։ «Սկսեցինք անմիտ, խճճված մի գործընթաց, որի գաղափարը Հայաստանում չի մշակվել։ Հայաստանը ոչինչ չի շահել, հակառակը` գնալով փակուղի է մտնում»,- հավելեց ակումբի հյուրը` կանխատեսելով, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձևը լիագումար նիստի օրակարգ չի մտնի։ Այսուհանդերձ, ՆԺԿ-ի ղեկավարը նշեց, որ մինչև ապրիլի 24-ը Թուրքիան արձանագրությունները չի վավերացնի։
Արամ Կարապետյանն իրավիճակից դուրս գալու իր դեղատոմսն է առաջարկում։ «Ամենայն հավանականությամբ, այս ամենը պետք է լուծվի քաղաքական նոր կուրսի հռչակմամբ, որտեղ հաշվի կառնվեն հին սխալները»,- ասաց ընդդիմադիր գործիչը, հավելելով, թե հակառակ պարագայում պատերազմի հավանականությունը մեծ է, քանի որ երրորդ տարբերակ չկա։ Ինչևէ, ՆԺԿ առաջնորդը հորդորում է. «Քաղաքականությունը և բարոյականությունը, ինչպես նաև քաղաքականությունը և գիտությունը, պիտի տարանջատել միմյանցից, քանի որ դրանցով են որոշվում մեր մտավորականության, քաղաքական էլիտայի պատկերացումները»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ